Անահիտ Ավանեսյանը մասնակցում է միջազգային համաժողովի
հուլիսի 02, 2026
Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի նախաձեռնած նախարարական համաժողովին:
Երկրաշարժերի պայմաններում առողջապահական համակարգերի պատրաստվածության ու արձագանքման կարողությունների զարգացման, փորձի փոխանակման ու համագործակցության ամրապնդման նպատակով համաժողովը Ստամբուլում համախմբել է առողջապահության նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և ոլորտի փորձագետներին:
Հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ռիսկերը և բնական աղետների, մասնավորապես` երկրաշարժերի` առողջապահական համակարգերի վրա ունեցած զգալի ազդեցությունը, նման ձևաչափով միջազգային համագործակցությունը մեր երկրի համար կարևոր նշանակություն ունի ազգային կարողությունների զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից։
Համաժողովի շրջանակում Անահիտ Ավանեսյանը հանդիպել և առանձնազրույց է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ:
Նախարարը խոսել է առաջիկա ծրագրերից, ներկայացրել առողջության համընդհանուր ապահովագրության գործարկման վեց ամիսների արդյունքները:
Հանս Կլյուգեն և Անահիտ Ավանեսյանը քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի և 2027 թ. կայանալիք ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային համաժողովի շրջանակում իրականացվելիք խոշոր միջազգային միջոցառումների շուրջ համագործակցության ուղղությունները: