Հաճախ տրվող հարցեր
1) Բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալիցումը ի՞նչ սկզբունքով է իրականացնում:
Պատասխան. Ամսական կտրվածքով բյուջեի սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալիզացումն իրականացնում է պլանային կարգով, հերթագրման եղանակով, բացառությամբ հետևյալ ծառայությունների`
- սոցիալական հատուկ կարևորություն ունեցող հիվանդությունները,
- շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունները,
- ծննդօգնություն,
- 0-7 տարեկան երեխաների բուժօգնություն,
- անհետաձգելի վիճակների բուժօգնություն:
(Հիմք` ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 291-Ն որոշման, Հավելված N 4, կետ 2. )
2) Որո՞նք են պետական պատվերի շրջանակներում պարտադիր սկրինինգները:
Պատասխան. Պետական պատվերի շրջանակներում առանձնացվել են հետևյալ պարտադիր սկրինինգները.
- զարկերակային ճնշման չափում՝ հիպերտոնիայի վաղ հայտնաբերման նպատակով,
- դիաբետի կասկածի դեպքում գլյուկոմետրիայի իրականացում,
- կրծքագեղձի զննում՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով (մամոգրաֆիայի նշանակում` ըստ բժշկական ցուցման),
- Պապ քսուք՝ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով,
- ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշումը` գլաուկոմայի վաղ հայտնաբերման նպատակով,
- քաշի խանգարումների վաղ հայտնաբերման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման նպատակով մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումը:
(Հիմք` ՀՀ առողջապահության նախարարի 2013թ,սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանի Հավելված 2, կետ 4.)
3) Բնակչության ո՞ր խմբերին է տրամադրվում պետական պատվերի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում:
Պատասխան. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված N 1-ով:
(Հիմք` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 1)
4) Ո՞ր դեպքերում է բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում արտահերթ:
1) անհետաձգելի բժշկական օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն.
3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն.
4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն.
5) ծննդօգնություն.
6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն՝ բացառությամբ հետևյալ ծառայությունների՝
ա. մասնագիտացված ստոմատոլոգիական,
բ. արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
գ. մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման,
դ. ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում և շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման.
7) չարորակ հիվանդությունների բուժում.
8) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման.
9) դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն՝ իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ և ախտաբանաանատոմիական,
10) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ.
11) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական օգնություն և սպասարկում։
5) Որ դեպքերում է հերթագրված հիվանդին տրամադրվում արտահերթ բժշկական օգնություն:
Պատասխան. Հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել միայն հիվանդի առողջական վիճակից ելնելով, և հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ, ընդ որում, հանձնաժողովի որոշման մասին համապատասխան նշում է կատարվում հերթագրման մատյանում:
(Հիմք` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 4, 7-րդ կետ)
6) Ի՞նչ կարգով է իրականացվում ընտանեկան բժշկի մոտ գրանցումը
Պատասխան . Յուրաքանչյուր բնակիչ, անկախ Հայաստանի Հարապետությունում իր պաշտոնական հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրելու իր մշտական բնակության վայրի մարզի վարչական սահմաններում, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ քաղաքի վարչական սահմաններում գործող ցանկացած ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժիշկ։
Հիմք` 30.03.2006թ. ՀՀ Կառավարության թիվ 420-Ն որոշում
7) Ո՞ր դեպքերում ընտանեկան բժիշկը կարող է հրաժարվել պացիենտին հաշվառելուց
Պատասխան. ԱԱՊ բժիշկը չի գրանցում իրեն ընտրած և գրանցվելու նպատակով դիմող բնակչին, եթե`
1) լրացել է ԱԱՊ բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թվաքանակները.
2) բնակչի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին.
3) եթե ԱԱՊ հաստատության և բնակչի մշտական բնակության վայրի միջև եղած հեռավորության պատճառով ԱԱՊ բժիշկը չի կարող մատուցել բժշկական օգնության հետևյալ ծառայությունները՝ տնային այցելություններ և հակահամաճարակային հսկողություն:
Հիմք` 30.03.2006թ. ՀՀ Կառավարության թիվ 420-Ն որոշում
8) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուներն իրավունք ունե՞ն անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու:
Պատասխան .Այո:
Հիմք` 30.05.2019թ. ՀՀ Կառավարության թիվ 642-Ն որոշում
9) Ո՞ր քիմիապրեպարատներ են փոխհատուցվում պետական պատվերի շրջանակներում
Պետպատվերի շրջանակներում փոխհատուցվում է միայն Առողջապահության նախարարի 2023 թվականի հունվարի 17-ի թիվ 171-Ա հրամանով հաստատված քիմիապրեպարատների ցանկում ընդգրկված դեղերի արժեքը՝ ոչ ավելի քան մեկ հիվանդի համար առաջին քիմիաթերապիայի սեանսից սկսած տարեկան 300.0 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 1-ում նշված սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար և 150.0 հազար դրամ՝ բնակչության մնացած խմբերի համար:
10) Ո՞ր դեպքերում է հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտին տրամադրվում անվճար բժշկական օգնություն:
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն իրականացվում է համաձայն ՀՀ Առողջապահության նախարարի 18.10.2019թ. թիվ 44-Ն հրամանի հավելված 1-ով հաստատված ընթացակարգի:
11) Արդյո՞ք չի խախտվում պացիենտների մասին տեղեկատվության գաղտնիությունը:
Դեղատան աշխատակիցը չի տեսնում պացիենտի ախտորոշումը, այլ միայն պացիենտի տվյալները և դուրսգրված դեղաքանակը, ինչը նախկինում էլ արտացոլվում էր թղթային դեղատոմսի մեջ: Որևէ լրացուցիչ հետազոտություն և այլ տեղեկատվություն էլեկտրոնային դեղատոմսը չի պարունակում:
12) Ո՞ր դեպքերում են ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ունեցող անձանց տրամադրվում անաշխատունակության թերթիկներ
Անաշխատունակության թերթիկները տրամադրվում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ունեցող անձանց(հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, հղիության ու ծննդաբերության, ընտանիքի անդամի հիվանդության):
Հիմք` ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման հավելված 5, կետ 5
13) Ո՞ր բժշկական ծառայություններն են բնակչության բոլոր խմբերի համար մատուցվում անվճար և արտոնյալ պայմաններով
Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ, շտապ օգնության ծառայություններ, անհետաձգելի բուժօգնություն, հոգեբուժություն, տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն այլ հիվանդություններ, մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն, ուռուցքաբանություն, վերակենդանացման միջոցառումներ:
Հիմք` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկաման մասին» ՀՀ օրենք 1996թ.
14) Ովքեր կարող են օգտվել պետության կոմից երաշխավորված անվճար սրտի անհետաձգելի վիրահատությունից
ՀՀ կառավարության 04.03.2004թ. թիվ 318-Ն որոշման Հավելված 5-ով հաստատված կարգի 2-րդ կետում ընդգրկված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված անձինք, սոցիալական փաթեթի շահառուները, ինչպես նաև Առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 54-Ն հրամանով սահմանված սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման ծառայությունների կազմակերպման հիմքերի առկայության դեպքերում բնակչության բոլոր խմբերը։
15) Ի՞նչն է հիմք հանդիսանում հիվանդներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր նշանակելու համար
Հիվանդներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր նշանակելիս հիմք է ընդունվում ամբուլատոր քարտում առկա ախտորոշումը կամ հիվանդանոցային կազմակերպության կողմից տրված հիվանդության պատմությունից գրված քաղվածքը (էպիկրիզը):
Հիմք` ՀՀ առողջապահության նախարարի 27.01.2005թ. N74-Ն հրաման
16) Ի՞նչ փաստաթուղթ է ներկայացվում բնակչի (երեխայի ծնող) կողմից երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելու համար
Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելու համար բնակիչը (երեխայի ծնողը) ԱԱՊ հաստատություն է ներկայացնում երեխայի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական կամ ծնունդը հաստատող փաստաթուղթ):
Հիմք` 24.09.2008թ. N17-Ն հրաման
17) Սոցիալական փաթեթի շահառուների համար դժվարամատչելի հետազոտություններն անվճար ե՞ն
ՀՀ կառավարության 27.03.2014թ. թիվ 375-ն որոշման համաձայն` արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող առանձին հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների մասով գործում է համավճար:
Հիմք` ՀՀ կառավարության 27 մարտի 2014թ թիվ 375-ն որոշում
18) Զոհված զինծառայողների ընտանիքի անդամները կարող ե՞ն օգտվել անվճար բժշկական օգնությունից և սպասարկումից
Ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները կարող են օգտվել անվճար բուժօգնությունից:
Հիմք` ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 25 թիվ 806-ն որոշում
19) Ո՞ր իրավական ակտով են ամրագրված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերը
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերը հաստատված են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման թիվ 1 հավելվածով:
Հիմք` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելված
20) Ի՞նչ հիմունքով է իրականացվում արտահիվանդանոցային բժշկական oգնությունը և սպասարկումը
Ամբողջ բնակչության համար արտահիվանդանոցային բժշկական oգնությունը (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական oգնության) իրականացվում է անվճար:
Հիմք` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշում
21) Բնակչության ո՞ր խմբերը կարող են օգտվել հիվանդանոցային անվճար բժշկական օգնությունից և սպասարկումից
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիները սահմանված ՀՀ կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման հավելված N 1-ով:
Հիմք` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելված
22) Ի՞նչ իրավական ակտերով է իրականացվում ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը
ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում ՀՀ օրենսդրության, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերի համաձայն:
Հիմք` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք:
23) Ի՞նչ պատասխանատվություն են կրում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձիք իրենց մեղքով մարդու առողջության հասցրած վնասի համար, ինչպես նաև մարդու առողջական վիճակի մասին տեղեկատվություններ հայտնելու դեպքում պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հիմք` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք:
24) Քաղաքացիների կողմից ստացված որ դիմումները և բողոքները քննարկման ենթակա չեն
Քաղաքացիների կողմից ստացված անանուն դիմումները և բողոքները քննարկման ենթակա չեն:
«ՀՀ կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» 20.20.2002թ թիվ 890-ն որոշում:
1) Ո՞վ ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք
Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք:
Հիմք` ՀՀ ազգային ժողով ՀՕ-474-7,11 հունվար 2002թ.:
2) Ո՞ր ժամկետում է կատարվում հղիության արհեստական ընդհատումը կնոջ ցանկությամբ (կամավոր), անկախ բժշկական և սոցիալական ցուցումներից
Հղիության արհեստական ընդհատումը կնոջ ցանկությամբ (կամավոր) կատարվում է մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը: Հիմք` ՀՀ կառավարության 05.0 8.2004թ. N 1116-Ն որոշում:
1) Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:
Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է`
- անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող,
- համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, ինչպես նաև հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղեր:
2) Ինչպե՞ս է ապահովվելու դեղատներում դեղի տրամադրումը` հոսանքի կամ համացանցի խափանման ժամանակ:
Տեխնիկական խափանումների դեպքում բացթողումը կիրականացվի ժամանակավորապես թղթային տարբերակով: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ` վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո նույն օրվա ընթացքում։ Բացի այդ, դեղատանը դեղերի պահպանման, հատուկ ջերմային ռեժիմի ապահովման համար, ինչպես նաև հարկային կտրոնների տրամադրման համար նույնպես անհրաժեշտ է հոսանքի այլընտրանքային աղբյուրների առկայություն, ուստի դեղատունն իր գործունեությունն իրականացնելու համար պետք է ապահովված լինի էլեկտրաէներգիայով:
3) Օրինակ` բժիշկը «Արմեդում» դուրս է գրում 10 օրվա դեղ, բայց պացիենտը հարմար է գտնում գնել 5 օրվա համար, դեղատան աշխատակիցը կարո՞ղ է տրամադրել քիչ քանակությամբ:
Պացիենտը իրավասու է գնել մասնակի կամ ընդհանրապես չգնել դեղատոմսով դուրս գրված դեղը. ժամկետի ավարտին դեղատոմսը կչեղարկվի, սակայն նման հարց չպետք է առաջանա, քանի որ եթե բժիշկը ցուցումով նշանակել է 10 օրվա դեղ, ապա այն պետք է ընդունել պատշաճ: Հակաբիոտիկների դեպքում, օրինակ, հակաբիոտիկների նկատմամբ դեղակայուն ձևերն առաջանում են անհարկի օգտագործման և նշանակված չափաքանակը խախտելու պատճառով:
4) Ինչպե՞ս եմ ձեռք բերելու բժշկի` էլեկտրոնային դեղատոմսով նշանակած դեղը:
Ցանկացած դեղատուն պետք է միացված լինի «Արմեդ» համակարգում և ունենա հնարավորություն վաճառելու բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը:
Քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ`
- անձնագիր, նույնականացման քարտ
- կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ):
Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը, և բաց է թողնում համակարգից: Քաղաքացին, ելնելով իր ֆինանսական միջոցներից, կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել մասնակի:
5) Գիշերը, ոչ աշխատանքային ժամերին, եթե քաղաքացին կարիք ունի դեղատոմսի, ի՞նչ պետք է անի:
Տվյալ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմոտիկ բուժման համար են: Այսինքն` էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:
Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ:
6) Ի՞նչ ժամկետում կարող է անձը բժշկի նշանակումը ձեռք բերել դեղատնից:
Դեղատոմսն ուժի մեջ է միանվագ բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 30 օր, իսկ բազմակի բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 180 օր:
7) Քրոնիկ հիվանդությունների դեպքում (օրինակ` շաքարային դիաբետ, գերճնշում, սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ) բժիշկը կարո՞ղ է պացիենտի դեղերը դուրս գրել անժամկետ:
Անժամկետ որևէ դեղատոմս դուրս չի գրվում, քանի որ ցանկացած հիվանդություն` սուր, քրոնիկ, թե քրոնիկի սրացում, պետք է հսկվի բժշկի կողմից և սահմանվի դինամիկ հսկողություն: Կան հիվանդություններ, որոնց դեպքում նշանակվում է երկարաժամկետ դեղորայք և կարող է միանգամից 180 օրվա համար դուրս գրվել բազմակի բացթողման դեղի դեղատոմսով: Բժիշկը կարող է նշանակել դեղ` 180 օրվա համար, բայց դուրս գրել 30 օրը մեկ, որպեսզի իրականացվի պացիենտի առողջական վիճակի դինամիկ հսկողություն:
8) Ամեն անգամ պետք է հետազոտության և բժշկի նեղ մասնագիտական խորհրդատվության համար վճարե՞մ` դեղ նշանակելու համար:
Էլեկտրոնային դեղատոմսը ներդնելուց հետո բուժման պրոցեսի մեջ ոչինչ չի փոխվում:
Առողջության առաջնային պահպանման օղակում բժշկի խորհրդատվությունն անվճար է: Եթե բժիշկը նշանակում է հետազոտություններ և այց` ամիսը մեկ կամ վեց ամիսը մեկ, ապա դա պետք է ապահովվի:
Իսկ եթե առկա է նեղ մասնագետի խորհրդատվության կարիք, ապա վերջինս կարող է դուրս գրել դեղատոմսը 6 ամիս ժամկետով կամ տալ խորհրդատվության թերթիկ, որում նշված դեղն էլեկտրոնային եղանակով ամեն ամիս դուրս է գրում տեղամասային թերապևտը:
Բժիշկ-հիվանդ հարաբերությունները պետք է հստակ սահմանվեն և ցանկացած նշանակում պետք է կատարվի` կլինի դա հետազոտություն, թե դեղորայքային բուժում:
9) Օնլայն դեղատներից հնարավոր կլինի՞ ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը:
Առցանց դեղատներից գնումները կիրականացվեն այնպես, ինչպես ներկայումս. նշվում են անձնական տվյալները, համակարգում ստուգվում է դեղատոմսի առկայությունը, դեղագետն ակտիվացնում է դեղատոմսը և դուրս գրում առաքվող դեղը:
10) Տարեցները, հենաշարժողական խնդիր ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու էլեկտրոնային դեղատոմսից:
Պացիենտը կամ նրա կողմից լիազորված անձը (պացիենտի կողմից տրված գրավոր համաձայնություն) կարող է դիմել դեղատուն և ստանալ դեղն` առանց ավելորդ թղթաբանության:
Այն պացիենտները, որոնք արդեն իսկ ունեն լիազորված անձ և վերջինս շարունակելու է մնալ լիազորված անձ, բժիշկը նրա անունը մուտք է անում էլեկտրոնային համակարգ։
11) Հորմոնային դեղերի դուրսգրումը էլեկտրոնային դեղատոմսով արդյո՞ք անհարմարություն չի պատճառի, օրինակ` էնդոկրին հիվանդանդություններ ունեցող անձանց, ովքեր երկարաժամկետ կտրվածքով ընդունում են հորմոնային դեղեր:
Խնդիրներ չպետք է առաջանան այն պատճառով, քանի որ նույն դեղատոմսերը բժիշկը կարող է դուրս գրել երկարաժամկետ: Դեղատոմսը կարող է դուրս գրել ինչպես տվյալ հետազոտությունը և դեղը նշանակած նեղ մասնագետը, այնպես էլ խորհրդատվության թերթիկով` տեղամասային բժշկի կողմից: Պացիենտի հսկողությունն այդ դեպքում իրականացնում է ինչպես նեղ մասնագետը, այնպես էլ իր բժիշկը:
12) Արդյո՞ք էլեկտրոնային դեղատոմս ձեռք բերելու համար պոլիկլինիկաներում անվերջ հերթեր չեն առաջանա:
Պոլիկլինիկաների հերթերը կառավարվում են էլեկտրոնային համակարգով: Այս պահին Երևանի բոլոր պոլիկլինիկաներն ունեն առցանց հերթագրման եղանակ` հավելվածի միջոցով, ինչպես նաև քաղաքացիները կարող են նախապես զանգահարել մատենավարման բաժին, հերթագրվել, և նշված ժամին դիմել: Այս պահին աշխատանքներ են տարվում մարզային պոլիկլինիկաների հետ, որպեսզի նրանք նույնպես կազմակերպեն առցանց հերթագրումը, ինչը կբերի նաև հերթերի կառավարմանը:
13) Քրոնիկ հիվանդությունների դեպքում հնարավոր չէ՞ դեղատոմսը ստանալ առցանց։
Ցանկացած քրոնիկ հիվանդություն պահանջում է դինամիկ հոսկողություն և քրոնիկ հիվանդության դեպքում նույնպես ժամանակ առ ժամանակ թե՛ բժշկի խորհրդատվություն, թե՛ հետազոտություն է պահանջվում, ուստի, առանց պացիենտին զննելու, դեղերի դուրսգրումը թույլատրելի չէ: Բացի այդ, կա նաև երկարատև դեղատոմսի ձևաչափ, որի դեպքում դեղը դուրս է գրվում միանգամից 180 օրվա համար:
14) Ո՞ւմ կողմից է հաստատվում անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկը
Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ:
Ի՞նչ անել դեղատնային գործունեության լիցենզավորման հայտը բավարարվելուց հետո:
Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում՝
1) դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները.
2) դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականի և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականի, իսկ դեղագործի դեպքում` համապատասխան որակավորում ունեցող դեղագործի միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը:
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը.
4) Դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի պատճենը։
Լիցենզավորված անձի կողմից համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի, հագեցվածության փոփոխման դեպքում լիցենզավորված անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տեղեկացնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:
Ի՞նչ անել բժշկական օգնության և սպասարկման գործունեության լիցենզավորման հայտը բավարարվելուց հետո:
Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում
- համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների
- գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիրը,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը:
- Լիցենզիա ստանալուց հետո բուժաշխատողի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել պետական տուրքը և ինչ ժամկետներում:
900005002614 «Բժշկական արտադրատեսակների արտադրություն»
900005002622 «Բժշկական արտադրատեսակների սպասարկում»
Դեղատնային գործունեություն` 900005016648
Բժշկական օգնություն և սպասարկում` 900005016614
Դեղերի արտադրություն` 900005016630
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացում: Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության կամ առևտրի, արտահանման կամ ներմուծման, իչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման և այդ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման լիցենզիա տալու համար` 900005160339
Դեղերի մեծածախ իրացում` 900005001574
Արտադրական կանեփի արտադրություն, ներմուծում, արտահանում կամ մեծածախ առևտրի իրականացում` 900005002390
Դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրելու համար` 900005003141
Հերթական տարում վճարումը պետք է իրականացվի մինչև լիցենզիայի վրա նշված ամսաթվի ավարտը:
Ի՞նչ իրավական ակտերով է կարգավորվում լիցենզավորման գործընթացը:
Տեղեկություն ստանալու համար`այցելեք ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ բաժնի "Լիցենզավորման գործընթացը կարգավորող իրավական ակտեր" ենթաբաժինը:
Լիցենզավորման համար պետական տուրքի վճարումն ում անունով է պետք կատարել:
Վճարումը պետք է կատարել միայն լիցենզավորման հայտ ներկայացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անունից:
Ինչպե՞ս կարելի է տեղեկություն ստանալ լիցենզավորման գործընթացի, անհրաժեշտ փաստաթղթերի և լիցենզավորման կարգերի մասին:
Տեղեկություն ստանալու համար այցելեք ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ բաժնի "Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկեր և հայտերի ձևեր" ենթաբաժինը:
Ի՞նչ ժամկետներում է իրականացվում լիցենզավորման գործընթացը:
Լիցենզիայի հայտի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորման հանձնաժողովը եզրակացություն է տալիս հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:
Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել պետական տուրքը անհատական և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար
Ովքե՞ր են ընդգրկված առաջին փուլով:
• 0-18 տարեկանները • 65+ տարիքի քաղաքացիները • 1-3 կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները • Ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք • Սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք • Զոհված զինծառայողների ընտանիքները • 200,000+ աշխատավարձ ստացողները:
Պարտադի՞ր է լինելու ապահովագրությունը:
Այո, այն նախատեսվում է որպես պարտադիր համակարգ՝ աստիճանական ներդրմամբ։
Ի՞նչ ծառայություններ են ներառված:
• Բժշկի ընդունելություն • Հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժում • Դեղեր և բժշկական պարագաներ • Հոգեկան առողջության ծառայություններ:
Արդյո՞ք երեխաները ապահովագրված են:
Այո, ապահովագրված են քաղաքացի և ռեզիդենտ՝ – մինչև 18 տարեկան երեխաները, – առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք, – առանց ծնողական խնամքի մնացած առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք։
Արդյո՞ք հղիությունը և ծննդաբերությունը ներառված են:
Ներառված են հղիության ախտաբանության բուժումը, նորմալ և թեթև շեղումներով ծննդաբերությունը (այդ թվում՝ էպիդուրալ անեսթեզիայով), բարդացած ծննդաբերությունը, ինչպես նաև` ծննդալուծումը կեսարյան հատմամբ՝ I և II աստիճանի բարդությամբ։
Բոլո՞ր դեղերն են անվճար:
Ոչ, միայն հաստատված ցանկում ընդգրկված դեղերը։
Ի՞նչ է համավճարը:
Այն գումարն է, որը վճարում է քաղաքացին, եթե ապահովագրությունը չի ծածկում ամբողջ արժեքը։
Ինչպե՞ս է հաշվարկվում ապահովագրավճարը 200001-500000 դրամ աշխատավարձ ստացող անձանց դեպքում:
Զինապահ հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500-ը ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, 6000 դրամը վճարում է պետությունը, 300 դրամը պահվում է աշխատավարձից:
Ինչպե՞ս է հաշվարկվում ապահովագրավճարը 500 001-1մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց դեպքում:
Զինապահ հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500-ը ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին։ 3300 դրամը պահվում է աշխատավարձից:
Կարո՞ղ եմ ընտրել բժշկական կազմակերպությունը:
Այո, եթե այն ունի պայմանագիր հիմնադրամի հետ։
Արդյո՞ք պարտադիր է գրանցվել այցի իմ պոլիկլինիկայում, թե կարող եմ մոտենալ և սպասարկվել կենդանի հերթով:
Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ հերթերից խուսափելու համար:
Արդյո՞ք հաշմանդամություն ունեցող անձինք ընդգրկված են:
Այո, 1-3 կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ապահովագրությունը երաշխավորված է։
Ի՞նչ է նախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում:
Բուժումը կատարվում է ապահովագրության կամ պետական բյուջեի միջոցով։
Արդյո՞ք ապահովագրությունը վերաբերում է նաև քրոնիկ հիվանդություններին:
Այո, կարող են փոխհատուցվել դեղերի և բժշկական պարագաների, լաբորատոր և գործիքային հետազոտությունների, շարունակական վերահսկման, նեղ մասնագիտական խորհրդատվությունների, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացման փուլում հիվանդանոցային բուժօգնության ծախսերը։
Եթե աշխատակիցն ունի մասնավոր ապահովագրություն, ինչպե՞ս է հաշվարկվում վճարը:
Գործող մասնավոր ապահովագրության առկայությունը չի ազատում ԱՀԱ-ի ապահովագրության համար վճարելու պարտականությունից։ Եթե աշխատավարձը գերազանցում է սահմանված շեմը, վճարը հաշվարկվում է ընդհանուր կարգով։
Ոչ ՀՀ քաղաքացի աշխատողի դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում վճարը:
Վարձու աշխատող, ԱՁ կամ Նոտար հանդիսացող անձանց համար քաղաքացիության և ռեզիդենտության պայման օրենքով սահմանված չէ։
Եթե ԱՁ-ն աշխատակիցների համար ապահովում է մասնավոր ապահովագրություն, պարտավո՞ր է վճարել նաև ԱՀԱ վճարը:
Այո՛։ Մասնավոր ապահովագրության առկայությունը չի փոխարինում ԱՀԱ-ին և չի ազատում ապահովագրավճարից։
65+ տարիքի աշխատող անձը օգտվո՞ւմ է համակարգից:
Այո, 65 և բարձր տարիքի անձինք ներառվում են պետական սուբսիդավորմամբ ապահովագրվողների խմբում և օգտվում են ԱՀԱ-ից անկախ աշխատավարձի չափից։
Հավելավճարները և բոնուսները ներառվո՞ւմ են աշխատավարձի հաշվարկում:
Այո, աշխատավարձը ներառում է նաև դրան հավասարեցված այլ վճարումները՝ ներառյալ պարգևատրումները, բոնուսային վճարները և այլն (բացի նպաստներից)։
Ինչպե՞ս է հաշվարկվում դրոշմանիշային վճարը ցածր աշխատավարձի դեպքում:
Դրոշմանիշային վճարների փոփոխությունները կապված չեն ապահովագրավճարի հետ։ Մինչև 1.0 մլն դրամ աշխատավարձի դեպքում դրոշմանիշային վճարը 2026թ-ի հունվարի 1-ից դառնում է 1000 դրամ։
Ինչպե՞ս է հաշվարկվում վճարը փոփոխական աշխատավարձի դեպքում:
Վճարը հաշվարկվում է ամսական փաստացի աշխատավարձից։ Մինչև 500,000 դրամ՝ 4800 դրամ (ներառյալ սուբսիդիան), 500,001-ից ավել՝ 10,800 դրամ։
Կարո՞ղ եմ հրաժարվել ԱՀԱ-ից, եթե ունեմ մասնավոր ապահովագրություն:
Ոչ, ԱՀԱ-ն պարտադիր համակարգ է։ Մասնավոր ապահովագրություն ունենալը կամ ցանկության բացակայությունը հիմք չեն հրաժարվելու համար։
Արդյո՞ք ԼՂ-ից տեղահանված անձինք պարտավոր են վճարել:
ԼՂ-ից տեղահանված անձինք ներառվում են սոցիալական հատուկ խմբերի մեջ և, որպես կանոն, ստանում են իրենց հասանելի ծառայությունները պետական ծրագրերի շրջանակներում։
Զոհված զինծառայողի ընտանիքի անդամը վճարո՞ւմ է, եթե աշխատում է:
Ոչ, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները ընդգրկվում են պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող խմբում՝ անկախ աշխատավարձի չափից։
Աշխատող հաշմանդամություն ունեցող անձը վճարո՞ւմ է:
2026թ-ին պահումը կատարվում է, սակայն Հիմնադրամը տվյալները ստանալուն պես գումարը վերադարձնում է աշխատողին 3 աշխատանքային օրվա ընթացքում (անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային դիմում բանկային հաշվեհամարով)։
Եթե աշխատում եմ երկու տեղ և գումարային աշխատավարձս անցնում է շեմը:
Ապահովագրվում եք միայն այն դեպքում, եթե գոնե մեկ աշխատավայրում աշխատավարձը կազմում է 200,001 դրամ և ավելի։
Ինչպե՞ս ստանալ բուժօգնություն:
- Շտապ դեպքերում՝ զանգահարել շտապօգնություն կամ մոտենալ հիվանդանոց (Emergency)։ •
- Պլանային դեպքերում՝ հերթագրվել թերապևտի մոտ։
- Կանխարգելիչ/Սքրինինգ՝ կարելի է հերթագրվել ուղիղ Արմեդ համակարգով։
- Քրոնիկ հիվանդությունների դեպքում՝ պլանավորել այցերը ինքնուրույն։
Ինչպե՞ս է ձևավորվում կազմակերպության աշխատավարձի ընդհանուր ֆոնդը։
• ԱՀԱ շրջանակներում ծառայությունների մատուցումից ձևավորված հասույթ
• Առողջության ապահովման և բարելավման ծրագրի շրջանակներում ծառայությունների մատուցումից ձևավորված հասույթ
• Վճարովի ծառայությունների մատուցումից ձևավորված հասույթ
• Այլ եկամուտներից ձևավորված հասույթից