keyboard_arrow_left
Նորություններ
Անվտանգ հանգիստ` բնության գրկում. պարզ կանոններ
հուլիս 30, 2026
Ամռանը, երբ շատ ավելի հաճախ ենք լինում բնության գրկում, պետք է հետևել մի շարք կանոնների, որպեսզի ապահովվի առողջական անսպասելի խնդիրներից զերծ, հաճելի ու լիարժեք հանգիստ:
Բնության գրկում հանգստանալիս` նախ անհրաժեշտ է պաշտպանվել միջատներից. դրանք կարող են վարակիչ հիվանդություններ տարածել։
Միջատներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել միջատներին վանող նյութեր և կրել բաց գույնի երկարաթև թեթև հագուստ։
Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել սննդամթերքին ու դրա պահպանման կանոններին.
- Շուտ փչացող մթերքը տեղափոխել և պահել սառնարան-պայուսակներում:
- Չգնել անհայտ ծագման միս-մսամթերք և այլ շուտ փչացող մթերք` այն վայրերից, որոնք նախատեսված չեն առևտրի համար և չունեն համապատասխան ուղեկցող փաստաթուղթ:
- Խորհուրդ չի տրվում վերցնել կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար:
- Խմելու համար օգտագործել շշալցված ջուր:
- Կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն):
- Սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հիվանդածին մանրէների փոխանցողներ են: Սննդամթերքը անպայման պահել լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով:
- Սնունդը, այդ թվում` խորովածը պատրաստել ուտելուց անմիջապես առաջ: Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը ոչ միշտ է անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում է եփված, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ:
- Պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերն օճառով լվանալ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ:
- Ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվանալ խմելու համար նախատեսված կամ շշալցված ջրով:
- Չօգտվել ջրի պատահական աղբուրներից: