ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Հոգեկան առողջության ոլորտի օրենսդրական բարեփոխումները՝ հասարակական խորհրդի քննարկման օրակարգում

օգոստոս 11, 2026
 
Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումներն առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի այսօրվա նիստի օրակարգում էր:
 
«Շատ կարևոր է, որ օրենսդրական փոփոխություններից առաջ թեման քննարկում ենք հասարակական խորհրդում՝ լսելով բոլորիդ դիտարկումներն ու առաջարկները։ Առհասարակ, կառավարության նպատակն է գերատեսչություն-հասարակական խորհուրդ համագործակցության ձևաչափն ամբողջովին համապատասխանեցնել իրական համագործակցության գաղափարին։ Այսինքն՝ ոչ թե օրենքների ընդունումից հետո տեղեկացնել ձեզ և քննարկել դրանք, այլև մինչև օրենսդրական փոփոխությունների իրականացումն ապահովել կառուցողական երկխոսություն՝ ստանալով կարծիքներ և դիտարկումներ»,– նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
Կարևորելով քաղաքացիական հասարակության և հասարակական խորհուրդների անմիջական ներգրավվածությունն օրենսդրական նախաձեռնությունների մշակման վաղ փուլում` Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման ոլորտում գերատեսչության ծրագրերի գլխավոր ուղղությունները՝ նշելով, որ ներկայումս մշակվում են նոր իրավակարգավորումներ: Դրանք միտված են հասարակության հոգեկան առողջության պահպանմանը, հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանը, ինչպես նաև բուժման և լիարժեք կենսապայմանների ապահովման մեխանիզմների վերանայմանը։ Շեշտվել է նաև այդ անձանց իրավունքների պաշտպանության և խտրականության բացառման նոր մեխանիզմների կատարելագործման ու ներդրման անհրաժեշտությունը։
 
Ընդգծվել է, որ այս գործընթացում առանցքային նշանակություն ունի համայնքային աջակցությունը։ Այս համատեքստում քննարկվել է համայնքային ծառայությունների ներդրումը, որպես պետության կողմից իրականացվող ռազմավարական և օրենսդրական գործընթաց` միտված հոգեկան խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված հաստատություններում պահելու համակարգից աստիճանաբար անցում դեպի համայնքում համապարփակ խնամքի և աջակցության համակարգ։
 
Այնուհետև Խորհրդի անդամները թեմայի շուրջ ուղղել են տասնյակ հարցեր՝ ծավալելով ակտիվ մասնագիտական քննարկում: