ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Ճանապարհային երթևեկության հիմնական կանոնները դպրոցականների համար

օգոստոս 28, 2026
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ առանձնահատուկ ուշադրություն դարձրե՛ք երեխաների ճանապարհային անվտանգությանը։
 
Օգնե՛ք երեխաներին սովորել և պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնական կանոնները․
 
  • միասին նախապես ընտրե՛ք դպրոց տանող ամենաանվտանգ երթուղին,
  • ճանապարհն անցե՛ք միայն հետիոտնային անցումով կամ անվտանգ հատվածով
  • ճանապարհն անցնելուց առաջ՝ կանգնեք, նայեք շուրջը և լսեք,
  • ճանապարհն անցնելիս մի՛ շտապեք և մի՛ վազեք․ մինչև ճանապարհի մյուս կողմ հասնելը շարունակե՛ք ուշադիր հետևել երթևեկությանը,
  • մութ ժամերին ընտրե՛ք սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ` հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ), որպեսզի երեխան ավելի տեսանելի լինի վարորդների համար:
Հասարակական տրանսպորտից օգտվելիս
 
  •  Կանգառում սպասե՛ք մայթին՝ երթևեկելի հատվածից անվտանգ հեռավորության վրա։
  •  Նախ սպասե՛ք, մինչև ուղևորներն իջնեն, ապա բարձրացեք տրանսպորտ։
  •  Մի՛ շեղեք վարորդի ուշադրությունը։
  •  Տրանսպորտից իջնելուց հետո մի՛ շտապեք անմիջապես անցնել ճանապարհը․ սպասե՛ք, մինչև այն հեռանա և տեսանելի լինի մոտեցող երթևեկությունը։
Երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար
 
  • հեծանիվ վարելիս օգտագործե՛ք ճիշտ չափի և ամուր ամրացված սաղավարտ,
  • մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել` անգամ ամենակարճ տարածություն տեղափոխելու դեպքում:
Երեխաները հետևում են մեծահասակների օրինակին․ միշտ պահպանե՛ք ճանապարհային անվտանգության կանոնները և խրախուսե՛ք երեխաներին անել նույնը։
Սեպտեմբերը սկսենք անվտանգ։