ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Կանխարգելենք գրիպի տարածումը

սեպտեմբեր 11, 2026
Ցրտերի հետ մոտենում է նաև գրիպի սեզոնը: Օդի ջերմաստիճանի նվազմանը և փակ տարածքներում շփումների ավելացմանը զուգընթաց մեծանում է գրիպի և այլ սուր շնչառական վարակների տարածման հավանականությունը։
 
Գրիպից պաշտպանվելու, հիվանդության ծանր ընթացքի և հնարավոր բարդությունների ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցը պատվաստումն է։
2026–2027 թթ. սեզոնի համար նախատեսված պատվաստանյութը եռավալենտ է․ այն պարունակում է «Ա» տեսակի երկու (H1N1, H3N2) և «Բ» տեսակի մեկ շճատիպ։ Պատվաստանյութը համապատասխանում է այս սեզոնին հյուսիսային կիսագնդում շրջանառվող կանխատեսվող շճատիպերին։
 
Պատվաստվելուն զուգահեռ կարևոր է նաև՝
  •  հաճախ լվանալ ձեռքերը օճառով և ջրով,
  •  պարբերաբար օդափոխել փակ տարածքները,
  •  հազալիս կամ փռշտալիս ծածկել բերանն ու քիթը,
  •  խուսափել հիվանդության ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից,
  •  վատ ինքնազգացողության դեպքում մնալ տանը և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։
Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձանց համար՝ տարեցներ, հղիներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, փոքր երեխաներ և բուժաշխատողներ:
 
Մի՛ սպասեք գրիպի տարածմանը․ պատվաստվե՛ք ժամանակին և պաշտպանե՛ք ձեզ ու ձեր հարազատներին։