ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Ծխախոտից հրաժարվելը Ձեր առողջության համար արվող կարևոր ներդրումներից է

հուլիս 27, 2026
Պատրաստվու՞մ եք դադարեցնել ծխելը
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է։ Անկախ նրանից, թե որքան երկար ժամանակ եք ծխել, դադարեցնելուց հետո օրգանիզմը սկսում է վերականգնվել, իսկ բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկը ժամանակի ընթացքում նվազում է։
Երբ որոշում եք հրաժարվել ծխելուց, հիշեք, թե ինչու եք դա անում`
  •  Իմ առողջությունը կսկսի բարելավվել արդեն ծխելը դադարեցնելու առաջին ժամերից։
  •  Ավելի հեշտ կշնչեմ, իսկ հազը ժամանակի ընթացքում կնվազի։
  •  Կբարելավվեն համի և հոտառության զգացողությունները։
  •  Կբարելավվի իմ ֆիզիկական դիմացկունությունը և առօրյա ակտիվությունը։
  •  Կնվազի սրտանոթային հիվանդությունների, կաթվածի, թոքերի քրոնիկ հիվանդությունների և բազմաթիվ քաղցկեղների զարգացման ռիսկը։
  •  Կբարելավվի բերանի խոռոչի առողջությունը։
  •  Կբարելավվի վերարտադրողական առողջությունը, իսկ հղիության ընթացքում մոր և պտղի առողջական ռիսկերը կնվազեն։
  •  Ես կպաշտպանեմ իմ ընտանիքի անդամներին և շրջապատի մարդկանց պասիվ ծխելու վնասակար ազդեցությունից։
  •  Ես կխնայեմ գումար, որը նախկինում ծախսում էի ծխախոտի վրա։
Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին
Առաջին օրերին նիկոտինի նկատմամբ պահանջը կարող է ուժեղ լինել։ Դա ժամանակավոր է և սովորաբար աստիճանաբար նվազում է։
Հետևյալ քայլերը կարող են օգնել`
  •  Ընտրե՛ք միջավայրեր, որտեղ ծխելն արգելված է (մարզասրահ, գրադարան, թանգարան, առևտրի կենտրոն և այլն)։
  •  Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ. քայլե՛ք, վազե՛ք, հեծանիվ վարե՛ք, լողով կամ յոգայով զբաղվե՛ք։
  •  Ձեռքերը զբաղված պահե՛ք. գրե՛ք, նկարե՛ք, գործե՛ք, օգտագործե՛ք հակասթրեսային գնդակ կամ այլ զբաղմունք։
  •  Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր։ Նախընտրե՛ք ջուրը և չքաղցրացված ըմպելիքները, սահմանափակե՛ք ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն կարող է ուժեղացնել ծխելու ցանկությունը։
  •  Եթե սուրճը առաջացնում է ծխելու ցանկություն, ժամանակավորապես փոխարինե՛ք այն այլ ըմպելիքով։
  •  Շեղե՛ք ուշադրությունը. կարդացե՛ք, լուծե՛ք խաչբառ, լսե՛ք երաժշտություն կամ զբաղվե՛ք այլ հետաքրքիր գործունեությամբ։
  •  Ծխելու ցանկության դեպքում ծամե՛ք առանց շաքարի մաստակ, կտրատած բանջարեղեն։
  •  Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք։
Եթե դժվարանում եք դադարեցնել ծխելը` դիմե՛ք մասնագետների օգնությանը:
 
 Ծխելը դադարեցնելու թեժ գիծ՝ 060 44 00 01
(անվճար և անանուն խորհրդատվություն)