Սուր շնչառական վիրուսային վարակները մանկական տարիքում
հոկտեմբեր 19, 2026
Սեզոնային փոփոխություններին զուգահեռ արձանագրվում է սուր շնչառական վիրուսային վարակների ակտիվացում։ Այս շրջանը պահանջում է բարձր զգոնություն և ծնողների կողմից պատշաճ խնամք՝ բարդությունները կանխելու կամ ժամանակին ախտորոշելու և պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Երեխաների մոտ հիվանդության ախտանշանները կարող են տարբեր կերպ դրսևորվել՝ կախված տարիքից և ընդհանուր առողջական վիճակից։
Ստորև ներկայացված ախտանշանները կարող են վկայել հիվանդության ծանր ընթացքի կամ հնարավոր բարդությունների մասին: Ուստի նմանատիպ ախտանշանների առկայության դեպքում կարևոր է ժամանակին դիմել բժշկի՝ երեխայի վիճակը գնահատելու և հնարավոր բարդությունները վաղ հայտնաբերելու համար։
• Արտահայտված թուլություն կամ անհանգիստ վարքագիծ, ցնցումային համախտանիշ
• Դժվար վերահսկվող բարձր ջերմություն
• Կրկնվող փսխումներ, հեղուկներ խմելու անկարողություն,
• Հաճախացած կամ դժվարացած կամ աղմկոտ շնչառություն,
• Արտահայտված, առավելապես երկկողմանի ականջացավ
• Ուժեղ կոկորդացավ, երբ երեխան դժվարանում է կուլ տալ նույնիսկ հեղուկները:
(Այս նշանները կիրառելի չեն նորածնային շրջանի երեխաների դեպքում)
Հիմնական կանխարգելիչ միջոցառումներ
• Հաճախակի լվանալ ձեռքերը ջրով և օճառով:
• Պարբերաբար օդափոխել փակ տարածքները:
• Հիվանդության ընթացքում երեխային պահել տանը և սահմանափակել շփումները, հատկապես խոցելի անձանց հետ։
• Սովորեցնել երեխային հազալիս կամ փռշտալիս ծածկել բերանն ու քիթը անձեռոցիկով կամ արմունկով։
Կարևոր նշում․ սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներն անարդյունավետ են։
• Հակաբիոտիկները չեն կանխարգելում երկրորդային բակտերիալ վարակները և չեն կրճատում հիվանդության տևողությունը։
• Դրանց ոչ նպատակային կիրառումը` առանց հստակ ցուցման, նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձևավորմանը և նվազեցնում ապագա բուժումների արդյունավետությունը։
• Հակաբիոտիկների նշանակումը բացառապես բժշկի իրավասությունն է՝ համապատասխան ցուցումների դեպքում։