Նորություններ

Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար

հունիսի 19, 2026

Ինչպես տարբերակել ջերմային հարվածը սովորական թուլությունից

Ջերմային հյուծվածություն (թեթև ձև)՝ ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ, ընդհանուր թուլությամբ և մաշկի գունատությամբ:

Ջերմային հարված (ծանր ձև)՝ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 40°C և ավելի, իսկ քրտնարտադրության մեխանիզմը սպառվում է, ինչի պատճառով մաշկը դառնում է չոր և տաք։ Ի հայտ են գալիս նյարդաբանական ախտանիշներ՝ շփոթվածություն, խոսքի խանգարում, գրգռվածություն, իսկ ծանր դեպքերում՝ ցնցումներ և գիտակցության կորուստ:

 Ովքե՞ր են ռիսկի խմբում

Մինչև 5 տարեկան երեխաները և 65-ից բարձր անձինք (նրանց կենտրոնական նյարդային համակարգն ավելի զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ)։

Քրոնիկ (սրտանոթային, թոքային) հիվանդություններ, գիրություն ունեցող անձինք։

Բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողները և մարզիկները:

Առաջին օգնությունը ջերմային հարվածի նշանների դեպքում

1. Անհապաղ զանգահարե՛ք շտապօգնություն:

2. Մինչ բժիշկների ժամանումը՝ տուժածին տեղափոխե՛ք հով, ստվերոտ կամ օդորակիչով սենյակ:

3. Թուլացրե՛ք կամ հանե՛ք ավելորդ հագուստը:

4. Արագ սառեցրե՛ք մարմինը՝ օգտագործելով թաց սավաններ, հովհար, օդորակիչ կամ սառը թրջոցներ (հատկապես պարանոցի, թևատակերի և աճուկային շրջաններում):

 Ինչպե՞ս կանխարգելել

Շոգ եղանակին խմե՛ք շատ ջուր, մի՛ սպասեք ծարավի զգացողությանը: Խուսափե՛ք ալկոհոլից, քանի որ այն խախտում է մարմնի ջերմակարգավորումը:

Կրե՛ք բաց գույնի, թեթև և լայն հագուստ:

Սահմանափակե՛ք ակտիվությունը, խուսափեք օրվա ամենաշոգ ժամերին բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից:

Եթե ընդունում եք քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղեր, խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ, որովհետև իրավիճակով պայմանավորված ցուցումները կարող են տարբեր լինել:

Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: