Նորություններ

Ինչպե՞ս կանխել երեխայի` օտար մարմնով խեղդվելը

հուլիսի 09, 2026
Մինչև 5 տարեկան երեխաները հաճախ աշխարհը ճանաչում են առարկաները բերանը տանելով։
 
Այս սովորությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել երեխայի առողջության և կյանքի համար:
 
Նման դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել ճիշտ հսկողության և անվտանգության կանոնների պահպանման միջոցով։
 
Մանր առարկաները, մետաղադրամներն ու կենցաղային մարտկոցները պահել երեխաների համար բացարձակ անհասանելի և փակ վայրում:
 
 Գնել միայն երեխայի տարիքին և զարգացմանը համապատասխան անվտանգ խաղալիքներ, որոնք չեն մասնահատվում:
 
 Խուսափել տանը մագնիսներ կամ ջրային գնդիկներ ունենալուց:
 Ցանկալի չէ գնել կոճակ-մարտկոցներով աշխատող խաղալիքներ: Եթե տանն արդեն կան այդպիսիք, ապահովել, որ մարտկոցի հատվածը լինի ամուր փակված և անհասանելի երեխայի համար:
 
Նույնիսկ եթե չեք տեսել, թե ինչ է կուլ տվել երեխան, սակայն նրա մոտ առկա են հետևյալ ախտանիշները, անհապաղ դիմել մասնագետի.
  •  առատ թքարտադրություն ,
  •  կուլ տալու դժվարություն կամ հրաժարում սննդից/ջրից,
  •  հանկարծակի առաջացած հազ,
  •  անդադար հազ կամ շնչառության խնդիրներ,
  •  ցավ կրծքավանդակում, պարանոցում կամ որովայնում,
  •  շարունակական փսխում կամ արյուն` փսխման զանգվածի կամ կղանքի մեջ:
Եթե կասկածում եք, որ երեխան ինչ-որ բան է կուլ տվել կամ շնչել, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն՝ մատներով կամ այլ իրերով հեռացնել, քանի որ կարող էք առարկան ավելի խորը հրել և փակել շնչուղիները:
 
Հիշե՛ք, որ մեծահասակների պարտականություններից մեկն էլ երեխայի անվտանգ միջավայրի ապահովումն է: Եղե՛ք ուշադիր, կանխարգելե՛ք վտանգը ժամանակին և անհրաժեշտության դեպքում անհապաղ զանգահարեք շտապօգնություն: