Հայտարարություն` ՀՀ առողջապահության նախարարություն ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբը (ԳՀ ԾՀԽ) հայտարարել է մրցույթ
նոյեմբեր 02, 2026
ՀՀ առողջապահության նախարարություն ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբ (ԳՀ ԾՀԽ)
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար
Աշխատանքի տևողությունը՝ կախված Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորումից։
Աշխատանքի վայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի նոյեմբերի 16։
Աշխատանքի մեկնարկը` 2026 թվականի նոյեմբեր։
Աշխատավարձը՝ մրցակցային։
ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ gfpct@moh.am։
Էլեկտրոնային նամակի թեմայի դաշտում անհրաժեշտ է նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում է թեկնածուն։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
ՀՀ առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբը փնտրում է հանրային առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետի՝ Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող տուբերկուլոզի և ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման և իրականացման համար։
Պաշտոնը ենթադրում է երկակի հաշվետվողականություն՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի առջև, ով համակարգում է Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի կատարումը, ինչպես նաև Գլոբալ հիմնադրամի պորտֆոլիո ղեկավարի առջև։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պաշտոնի հիմնական գործառույթները ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝
• պատասխանատու է Ծրագրի ամբողջական կատարման, կառավարման և համակարգման համար` ներառյալ ենթաստացողների կողմից Ծրագրի իրականացումը,
• վերահսկում է Ծրագրի կատարման ընթացքը և իրականացման ժամկետների համապատասխանությունը հաստատված պլաններին և ժամանակացույցերին,
• ապահովում է փոխադարձ կապը նախարարության և ԳՀ-ի միջև,
• պատասխանատու է ԳՀ-ին և Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունները ներկայացնելու համար,
• պատասխանատու է նոր դրամաշնորհային առաջարկների փաթեթների մշակման աշխատանքների համակարգման և վերահսկողության, ինչպես նաև նոր դրամաշնորհային փաթեթները ԳՀ-ին ժամանակին և սահմանված կարգով ներկայացնելու համար,
• ապահովում է պարբերական ծրագրային հաշվետվությունների, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովին,
• համակարգում է ԾՀԽ-ի աշխատանքները տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ,
• համակարգում է տարեկան նախահաշիվների և գնումների պլանների մշակման գործընթացները,
• կազմակերպում և ղեկավարում է Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ նյութերի, ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը և ապահովում համապատասխան վճարումները,
• Ծրագրի շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր և այլ գրություններ,
• ԾՀԽ-ի գործունեությունը համաձայնեցնում է առողջապահության նախարարի` ոլորտը համակարգող տեղակալի հետ,
• անմիջականորեն հաշվետու է ոլորտը համակարգող փոխնախարարին և առողջապահության նախարարին:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
• Հանրային առողջապահության ոլորտում մագիստրոսի աստիճան,
• Առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ՝ ինչպես միջազգային կազմակերպություններում, այնպես էլ պետական կառավարման համակարգում,
• Ծրագրերի կառավարման ոլորտում աշխատանքային փորձ՝ ղեկավար պաշտոններում,
• Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման մեխանիզմների և ուղեցույցների իմացություն,
• Մասնագիտական հաղորդակցման բարձր հմտություններ՝ պետական և մասնավոր հատվածների կառավարման բոլոր մակարդակներում արդյունավետ հաղորդակցվելու համար,
• ՀՀ առողջապահության նախարարության և այլ շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ ձևավորելու նպատակով համագործակցության հաստատման և բանակցությունների վարման գերազանց հմտություններ,
• Հայերենի, անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
• Ռազմավարական մտածողության, աշխատանքների կազմակերպման, պլանավորման և առաջնահերթությունների սահմանման, ինչպես նաև արդյունքների ապահովման կարողություններ,
• Վերլուծական մտածողություն, աշխատանքին նվիրվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
• MS Office ծրագրային փաթեթի տիրապետում, հատկապես՝ Excel ծրագրով աշխատելու գերազանց հմտություններ,
• Ճկունություն, ինքնուրույն և ճնշման պայմաններում աշխատելու կարողություն։