ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Թարմացված. տեղեկատվություն` Երևան- Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժած երեխաների առողջական վիճակի վերաբերյալ

հոկտեմբեր 26, 2026

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ  ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար:

Մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության:

Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ցավով անդրադառնալով տեղի ունեցածին նշել է.

«Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս: Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք:

Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։

Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը:

ՃՏՊ տարրական կանոններին հետևելը մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար են»: