ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

հոկտեմբեր 01, 2026

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս՝ նպատակ ունենալով բարձրացնել հիվանդության վերաբերյալ իրազեկվածությունը, ընդգծել վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման կարևորությունը, ինչպես նաև խրախուսել կանանց՝ հոգալ սեփական առողջության մասին և ժամանակին դիմել բժշկի։

Այս տարվա թեման է. «Յուրաքանչյուր պատմություն եզակի է, յուրաքանչյուր ճանապարհ՝ կարևոր»։ Այն շեշտադրում է, որ յուրաքանչյուր մարդու հիվանդության փորձառությունը տարբեր է, և յուրաքանչյուր անձ արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, աջակցության, ժամանակին ախտորոշման և որակյալ բուժման։

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղներից է։ Հիվանդության վաղ հայտնաբերումն ու բուժման ժամանակին սկսելը կարող են էականորեն բարելավել արդյունքները։ Առողջության պահպանման կարևոր բաղադրիչ են նաև կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային կանխարգելիչ հետազոտությունները։

Վերջին 7-8 տարիներին ոլորտում կատարած բազմակողմանի աշխատանքի և պետական ծրագրերի ներդրման արդյունքում, այդ թվում մարզային հասանելիության ապահովմամբ` անվճար սքրինինգներ, վիրահատություններ, տրաստուզումաբ դեղով բուժում, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշն իջել է 12,5%, նախկին 29%-ի համեմատ:

Հոկտեմբերը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ առողջության նկատմամբ հոգատարությունը պետք է լինի շարունակական։ Կանանց հորդորում ենք հետևել առողջությանը, ուշադրություն դարձնել կրծքագեղձի շրջանում ի հայտ եկած փոփոխություններին, քանի որ հիվանդությունը զարգանում է առանց ցավի, և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։

Վաղ հայտնաբերումը կյանքեր է փրկում։ Հոգ տարեք ձեր առողջության մասին և մի հետաձգեք բժշկական խորհրդատվությունը։