Նորություններ

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության իրազեկման համաշխարհային օրն է

նոյեմբեր 18, 2026
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) շնչառական ուղիների խցանող քրոնիկ պրոգրեսիվող հիվանդություն է, որը բնորոշվում է հաճախակի սրացումներով: ԹՔՕՀ բնորոշ է հիվանդության դանդաղ զարգացումը, որով պայմանավորված պացիենտները դիմում են բժշկի բավականին ուշ՝ 40-50 տարեկանում արդեն արտահայտված ախտանշանների փուլում։
 
 Հիվանդության հիմնական ռիսկի գործոններն են ծխախոտի օգտագործումը, այդ թվում՝ պասիվ ծխելը, օդի աղտոտվածությունը, ինչպես նաև աշխատավայրում փոշու, քիմիական նյութերի, գազերի և գոլորշիների երկարատև ազդեցությունը։
ԹՔՕՀ-ի առավել տարածված ախտանշաններն են՝
• երկարատև հազը՝ խորխարտադրությամբ,
• դժվարացած շնչառությունը և հևոցը,
• ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմացկունության նվազումը,
• ընդհանուր թուլությունն ու արագ հոգնածությունը։
 
 Այս ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ ժամանակին հետազոտվելու և համապատասխան բուժում ստանալու համար։
ԹՔՕՀ ունեցող անձինք կարող են ձեռնարկել մի շարք քայլեր առողջական վիճակի բարելավման և հիվանդության առաջընթացի զսպման նպատակով, մասնավորապես`
• ծխելու դադարեցում
• կանոնավոր ֆիզիկական ակտիվություն
• շնչական վարակների դեմ պատվաստումների իրականացում
 
Վաղ ախտորոշումը և ժամանակին սկսված բուժումը կարող են նվազեցնել ախտանշանների արտահայտվածությունը, դանդաղեցնել հիվանդության առաջընթացը և բարելավել պացիենտների կյանքի որակը։