Նորություններ

Հայկական պատվիրակությունը Եթովպիայում մասնակցել է միջազգային համաժողովների

նոյեմբեր 24, 2026
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում կայացած «Համավարակների դեմ պայքարի հիմնադրամի Կառավարող խորհրդի 21-րդ նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:
 
Նիստին քննարկվել են համավարակների կանխարգելման և դրանց արձագանքման, հանրային առողջապահության համակարգերի ամրապնդման, առողջապահական համակարգերի դիմակայունության բարձրացման, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
 
Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև Աֆրիկայի հանրային առողջապահության 5-րդ միջազգային համաժողովին (CPHIA 2026), որտեղ ներկայացվել են հանրային առողջապահության ոլորտի առաջնահերթությունները, քննարկվել են առողջապահական համակարգերի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։
 
Գլոբալ առողջապահական ճարտարապետության բարեփոխումներին նվիրված բարձր մակարդակի քննարկմանը Լենա Նանուշյանը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ անդրադառնալով առողջապահության համակարգի արդիականացմանն ուղղված ընթացիկ բարեփոխումներին, այդ թվում՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը։ Քննարկման ընթացքում նա նաև ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու աֆրիկյան և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ առողջապահական համակարգերի կարողությունների ամրապնդման, փորձի փոխանակման և նորարարական լուծումների ներդրման ուղղությամբ։
 
Եթովպիա կատարած այցի շրջանակում Լենան Նանուշյանը հանդիպել է տեղի Սննդի և դեղերի գործակալության ներկայացուցիչների հետ, քննարկվել են դեղերի վերահսկման համակարգի ամրապնդման և փորձի փոխանակման ուղղությունները, ներկայացվել է սննդամթերքի, դեղերի և բժշկական սարքերի որակի ու անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։
 
Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում երկու երկրների դեղերի կարգավորման պատասխանատու կառույցների միջև անցկացնելու տեխնիկական քննարկումներ, ստորագրել փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև կազմակերպել համատեղ հարթակ՝ հայկական դեղարտադրող ընկերություններին Եթովպիայում դեղերի գրանցման պահանջներին ծանոթացնելու նպատակով։