Նորություններ
Նորածնի համար լավագույն և լիարժեք սնունդը կրծքի կաթն է
օգոստոսի 03, 2026
Նորածնի համար լավագույն և առավել լիարժեք սնունդը կրծքի կաթն է։ Այն պարունակում է երեխայի աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդանյութերը, հեշտ է մարսվում և նպաստում է իմունային համակարգի ձևավորմանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երեխային կերակրել բացառապես կրծքի կաթով՝ առանց ջրի, թեյի կամ այլ հավելյալ սննդի։
Վեց ամսականից հետո, համապատասխան հավելյալ սննդի ներմուծմանը զուգահեռ, պետք է շարունակել կրծքով կերակրումը, խորհուրդ է տրվում` մինչև երկու տարեկանը կամ ավելի երկար` այնքան, որքան ընդունելի է մոր և մանկան համար:
Հատկապես կարևոր է կրծքով կերակրման վաղ մեկնարկը՝ ծննդաբերությունից հետո առաջին մեկ ժամվա ընթացքում։ Այն հնարավորություն է տալիս նորածնին ստանալ խեժը՝ սննդարար նյութերով և պաշտպանիչ բաղադրիչներով հարուստ առաջին կաթը։ Վաղ կրծքով կերակրումը նաև խթանում է կաթնարտադրությունը և նպաստում մոր ու երեխայի միջև հուզական կապի ձևավորմանը։
ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ իրականացրած հետազոտության տվյալների համաձայն՝ նորածինների 80%-ը կրծքով է կերակրվում կյանքի առաջին մեկ ժամվա ընթացքում։ Այս ցուցանիշը կարևոր ձեռքբերում է և հիմք՝ կրծքով կերակրման վաղ մեկնարկին ուղղված արդյունավետ մոտեցումները շարունակելու և ամրապնդելու համար։
Ամեն տարի օգոստոսի 1–7-ն աշխարհում նշվում է որպես Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ. նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը մայրական կաթի անհրաժեշտության ու անփոխարինելի լինելու վերաբերյալ:
Այս տարվա կարգախոսն է «Կրծքով կերակրումը՝ կյանքի կայուն մեկնարկի հիմնասյուն․ ամրապնդենք այն, ինչն արդյունավետ է»։