ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Կաթվածի համաշխարհային օրն է

հոկտեմբեր 29, 2026
Առողջապահության նախարարության կյանք փրկող կարևորագույն ծրագրերից գլխուղեղի իշեմիկ կաթվածի ազգային ծրագրի շրջանակում արդեն մատուցվել է 4650 ծառայություն. այսպիսով` նվազել է հազարավոր մարդկանց կյանքին սպառնացող վտանգն ու հաշմանդամության ռիսկը:
 
2019 թվականից գործող սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի շրջանակում իրականացվում է թրոմբոլիտիկ բուժում և մեխանիկական թրոմբէկտոմիա:
 
 Ծրագիրը գործում է Երևանի 4` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում, Հերացի համալսարանական հիվանդանոցում, և մարզային 4` Գյումրու, Վանաձորի, Մարտունու բժշկական կենտրոններում և «Հայ–ֆրանսիական հիվանդանոցային կենտրոն» հիմնադրամում, ընդ որում` Մարտունու բժշկական կենտրոնն ու Հայ–ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնը միացել են ծրագրին 2026 թվականից:
 
 Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման իրավունքից կարող են օգտվել ծրագրով սահմանված չափանիշներին համապատասխանության դեպքում:
 
 Ազդելով կառավարելի ռիսկի գործոնների վրա՝ գլխուղեղի իշեմիկ կաթվածների շուրջ 90%-ը հնարավոր է կանխել ։
 
 Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, արդյունավետ և ժամանակին բուժման նպատակով առողջապահության նախարարության կողմից իրականացվում են սքրինինգային ծրագրեր`
 
• Զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերում և ախտորոշում. 18+ տարեկան անձանց համար (2 տարին 1 անգամ):
• Շաքարային դիաբետի ախտորոշում. 35+ տարեկան անձանց համար (3 տարին 1 անգամ):
 
 Սրտանոթային համակարգի և հիպերտոնիկ հիվանդությամբ անձանց շրջանում բարդությունների կանխարգելման նպատակով ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում անվճար, հաշվառված դիսպանսերային պացիենտներին տարեկան մեկ անգամ իրականացվում է՝
 
• էլեկտրասրտագրություն
• արյան մեջ խոլեսթերինի պարունակության որոշում
• լիպիդային պրոֆիլի որոշում
• արյան մեջ միզաթթվի որոշում
• ակնահատակի քննություն
• արյան մեջ կրեատինինի որոշում:
 
Ժամանակին անցնելով կանխարգելիչ հետազոտություններն ու վարելով առողջ ապրելակերպ` հնարավոր է նավազեցնել գլխուղեղի իշեմիկ կաթվածի զարգացման ռիսկը:
 
 Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է։