keyboard_arrow_left
Նորություններ
Առողջ ապրելակերպը կարևոր ներդրում է քո ապագայի համար
սեպտեմբեր 14, 2026
Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որն անցկացվել է «Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր» 40 կմ ճանապարհահատվածում։
Մրցաշարին մասնակցել է Հայաստանի 10 մարզի և Երևանի մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքներ գրանցած 22 թիմ՝ ընդհանուր 66 մասնակցով։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը միջոցառմանը ներկայացել է տեղեկատվական տաղավարով։ Մասնագետները մասնակիցներին և այցելուներին տրամադրել են տեղեկատվություն առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության կարևորության և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ։
Կանոնավոր հեծանվավազքը նպաստում է սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, ճարպակալման և մի շարք այլ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցմանը։ Դպրոցական տարիքից շարժուն կենսակերպի ձևավորումը կարևոր ներդրում է առողջության պահպանման և հետագա կյանքի ընթացքում հիվանդությունների կանխարգելման գործում։
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է 2021 թվականից։ 2024 թվականից մրցաշարի ձևաչափը փոփոխվել է, և այն անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով աշակերտների շրջանում խթանել հեծանվային սպորտը, ֆիզիկական ակտիվությունն ու առողջ կենսակերպը։