ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանը

սեպտեմբեր 24, 2026
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած բարձր մակարդակի քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանի, Ռուանդայի և Համավարակների հիմնադրամի կողմից կազմակերպված
 
«Պատրաստ հաջորդին. ինչպես են ազգային ներդրումները հզորացնում գլոբալ առողջապահական դիմակայունությունը» խորագրով միջոցառմանը:
Նախարարն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին և միջազգային համագործակցության կարևորությանը։
 
«Պատրաստվածությունը չի կարող սկսվել այն ժամանակ, երբ արտակարգ իրավիճակն արդեն վրա է հասել։ Այն պահանջում է շարունակական ջանքեր՝ ուժեղ և դիմակայուն առողջապահական համակարգերի ձևավորման, արդյունավետ կանխարգելման ռազմավարությունների և համաճարակաբանական հսկողության կարողությունների զարգացման ուղղությամբ: Այստեղ կարևոր է համապատասխան միջոցներով առողջապահական ներուժի ձևավորման, ինչպես նաև համակարգի ծանրաբեռնվածության պայմաններում առողջապահական ծառայությունների անխափան մատուցմանն ուղղված քայլերը»,-նշել է նախարարը:
 
Քննարկման առանցքում են եղել հավասարության, համերաշխության և միջազգային համագործակցության կարևորությունը, ինչպես նաև քաղաքական և ֆինանսական հանձնառությունները գործնական, չափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։