keyboard_arrow_left
Նորություններ
Ակնաբուժական կլինիկայի բացում` Արտաշատում
սեպտեմբեր 24, 2026
Մարզերում որակյալ և ժամանակակից բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը շարունակում է մնալ առողջապահական համակարգի զարգացման կարևոր ուղղություններից մեկը:
Այս համատեքստում Հայկական ակնաբուժության նախագծի հետ համագործակցության հերթական նախաձեռնությունն Արտաշատում է:
Գերժամանակակից սարքերով հագեցած կենտրոնում վերապատրաստում անցած բուժանձնակազմը մարզի բնակչությանը կտրամադրի ակնային խորացված հետազոտություններ և ամբուլատոր պայմաններում բուժում:
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ) Արտաշատի մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկայի բացման արարողությանը Առողջապահության նախարարի տեղակալ Շահանե Մնացականյանը կարևորել է Հայաստանի մարզերում որակյալ և ժամանակակից բժշկական ծառայությունների հասանելիությունը։ Վստահություն հայտնել, որ այն կդառնա ոչ միայն Արտաշատի, այլև մարզային նշանակության որակյալ ակնաբուժական ծառայությունների կարևոր հենակետ:
Հայկական ակնաբուժության նախագիծը 2015 թվականից իրականացնում է լայնածավալ ծրագիր, որի նպատակն է Հայաստանի մարզերում վերականգնել ակնային առողջապահական համակարգը: Ակնաբուժական տարբեր կենտրոններ արդեն գործում են հանրապետության տարբեր մարզերում, Արտաշատի նորաբաց կենտրոնը 16-րդն է: