ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր

սեպտեմբեր 25, 2026
 
Նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած «Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման» թեմայով բարձր մակարդակի հանդիպմանը:
 
Հայաստանը կարևոր դեր է ունեցել այս գործընթացում՝ հանդես գալով որպես ՄԱԿ-ի՝ պանդեմիաների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի բանակցությունների համակազմակերպիչ:
 
«Հայաստանում այս գլոբալ հանձնառությունները զուգակցվում են առողջապահական համակարգի շարունակական բարեփոխումների հետ։ 2026 թվականը կարևոր փուլ է՝ առողջապահական ապահովագրության բարեփոխումների մեկնարկով, որի նպատակն է ապահովել որակյալ բուժօգնության առավել հավասար հասանելիություն, ուժեղացնել քաղաքացիների ֆինանսական պաշտպանությունը և նվազեցնել առողջապահական ծախսերի ֆինանսական բեռը ընտանիքների վրա,- նշել է նախարարը:
 
Նրա խոսքով առողջապահական համընդհանուր ապահովագրության ծածկույթը պաշտպանում է մեր քաղաքացիներին ամեն օր, իսկ պանդեմիաների պատրաստվածությունը՝ այն պահերին, երբ մեր հասարակությունները կանգնում են ամենամեծ փորձության առաջ։
«Դիմակայուն առողջապահական համակարգերը պետք է պատրաստ լինեն երկուսին էլ»,-իր ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը:
 
Միջազգային այս հարթակում նախարարի հիմնական կոչն է եղել քաղաքական հանձնառությունները կոնկրետ և չափելի գործողությունների վերածել` կառուցելով ավելի արդար, թափանցիկ և ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ։