ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Սեզոնային գրիպի պատվաստումները շարունակվում են

հոկտեմբեր 07, 2026
2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։
Պատվաստումն առաջնահերթ նախատեսված է գրիպի բարդությունների զարգացման բարձր ռիսկ ունեցող խմբերի համար՝
  •  հղիներ,
  •  6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
  •  65 տարեկան և բարձր տարիքի անձինք,
  •  մինչև 64 տարեկան՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
  •  բուժաշխատողներ,
  •  փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ,
  •  զինծառայողներ։
Միաժամանակ, սեզոնային գրիպի դեմ կարող են պատվաստվել նաև ռիսկի խմբերում չընդգրկված անձինք։
  •  Գրիպի կանխարգելման արդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է։
 Պատվաստումն իրականացվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում` պետության ֆինանսավորմամբ:
Պատվաստվելու համար՝
  •  պարտադիր չէ գրանցված լինել տվյալ պոլիկլինիկայում կամ բժշկի մոտ,
  •  ՀՀ քաղաքացի լինելը պարտադիր չէ։
 Պատվաստումներն առավել հասանելի և հարմարավետ դարձնելու նպատակով Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր։
 
 Շարժական կետերը գործում են աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից 16:00-ն։
Պատվաստումային շարժական կետերում քաղաքացիները հնարավորություն ունեն պատվաստվելու ոչ միայն սեզոնային գրիպի, այլև այլ վարակիչ հիվանդությունների դեմ։
 
 Շարժական պատվաստումային կետերի հասցեներն են 👇 https://health.gov.am/articles/news/news-51
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը նպաստում է հատկապես ռիսկի խմբերում հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների, հոսպիտալացումների կանխարգելմանը։
2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ՝ պատվաստվե՛ք և պաշտպանե՛ք Ձեզ ու Ձեր շրջապատին։
 
Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի դեմ, ԱՀԿ որակավորում ունեցող եռավալենտ պատվաստանյութով։