keyboard_arrow_left
Նորություններ
Հայաստանը հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին հասած և վավերացված 11 երկրներից մեկն է
հոկտեմբեր 06, 2026
Հայաստանը հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին հասած և վավերացված 11 երկրներից մեկն է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից հրավիրված Եվրոպական տեխնիկական խորհրդատվական փորձագիտական խումբը (ETAGE) հաստատել է, որ Հայաստանը պատվաստումների միջոցով հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին։
Վավերացման գործընթացում գնահատվել են հեպատիտ B-ի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը, պերինատալ փոխանցման կանխարգելումը և պատվաստված երեխաների շրջանում HBsAg-ի տարածվածության մակարդակը։
Այս արդյունքը Հայաստանի իմունականխարգելման երկարամյա քաղաքականության և հեպատիտ B-ի դեմ պատվաստումների հետևողական իրականացման կարևոր ձեռքբերում է։
Վերջին տարիներին երեխաների շրջանում հեպատիտ B-ի սուր դեպքերի բացակայությունը ևս այդ աշխատանքի արդյունքն է։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ձեռքբերումը վկայում է, որ իրականացվող քաղաքականությունն ու ներդրումները տալիս են շոշափելի արդյունք՝ երեխաներին պաշտպանելով ոչ միայն հիվանդությունից, այլև դրա հնարավոր երկարաժամկետ առողջապահական և տնտեսական հետևանքներից:
«Իհարկե, սա առիթ է՝ հետ նայելու, տեսնելու, որ մեր քաղաքականությունները և ջանքերը արդյունք են տալիս, և շարժվելու առաջ՝ էլ ավելի մեծ թիրախներ ընդգրկելու նպատակով։ Մենք նաև քննարկում ենք հիմա հեպատիտ B-ի քրոնիկ վիճակների կառավարման դեղորայքային ապահովման հարցը, որովհետև շատ կարևոր է, որ մեր պացիենտները նաև պաշտպանված լինեն իրենց ընթացիկ բուժման առումով։ Առաջին հերթին, մենք նախատեսում ենք հղիներին այս ծրագրում ներառելու հարցը, հետագայում՝ նաև ընդլայնելու»,-նշել է նախարարը։
Միևնույն ժամանակ, ձեռքբերումը նոր պարտավորություններ է առաջադրում՝ պահպանել պատվաստումների բարձր ընդգրկվածությունը, շարունակել իմունականխարգելման ծրագրերի զարգացումը և ընդլայնել հեպատիտ B-ի քրոնիկ ձևերի կառավարման հնարավորությունները։