Այսօր տեսողության համաշխարհային օրն է
հոկտեմբեր 08, 2026
Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ հազարավոր պացիենտներ հնարավորություն են ստացել պետության ամբողջական փոխհատուցմամբ իրականացնել կատարակտի վիրահատություն:
Հատկապես 65 և ավելի տարեկան քաղաքացիների շրջանում կատարակտը տեսողության հետ կապված ամենատարածված խնդիրն է, որը, ժամանակին չբուժելու դեպքում, նույնիսկ կարող է հանգեցնել կուրության:
Ֆինանսական բեռով պայմանավորված տարեց մեր քաղաքացիների շրջանում խնդիրը խիստ տարածված էր: Մասնագետները նշում են` կատարակտ ախտորոշված 65 և ավելի տարիքի 5 պացիենտից 3-ը հրաժարվում էր վիրահատությունից, որը խնդրի լուծման միակ ճանապարհն է:
Առողջության ապահովագրության ներդրումից հետո այս տարվա միայն 9 ամիսներին պետական բյուջեից 6,7 մլրդ դրամ է հատկացվել կատարակտի վիրահատության համար` ինչպես վիրահատությունը, այնպես էլ որակյալ ոսպնյակի տրամադրումը ներառված է ապահովագրության փաթեթում:
Առողջապահության նախարարության առանցքային ծրագրերից ու առաջնահերթություններից է նաև երեխաների տեսողության պահպանումը: Այս ուղղությամբ գերատեսչությունն իրականացնում է սքրինինգներ` սկսած երեխայի կյանքի առաջին իսկ օրվանից:
Անհասների ռետինոպաթիայի սկրինինգ.
Այս հետազոտությունն իրականացվում է ամբողջ հանրապետությունում անհաս երեխաների շրջանում` փրկելով փոքրիկների տեսողությունը կյանքի հենց առաջին ժամերից։ Արդյունքում` ռետինոպաթիայով պայմանավորված վերջին տարիներին Հայաստանում կուրության դեպք չի արձանագրվել:
Նորածնային կարմիր ռեֆլեքսի սկրինինգ.
Այս տարի մեկնարկել է բոլոր նորածինների տեսողության ստուգման այս նոր ծրագիրը։ Արդյունքում՝ արդեն իսկ 5 նորածնի մոտ հայտնաբերվել է խնդիր:
Սքրինինգը հնարավորություն է տվել վաղ փուլում հայտնաբերել խնդիրն ու ժամանակին սկսել բուժումը` կանխելով լրջագույն բարդությունները:
Մանկական այլ տարիքային խմբերում տեսողության սքրինինգային փորձարարական ծրագիր է իրականացվել «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ հանրապետության երկու մարզերում՝ Սյունիքում ու Վայոց ձորում:
Երեխաների տեսողության պահպանման համար պարտադիր իրականացրեք կանխարգելիչ այցեր:
Սահմանափակե՛ք էկրանային ժամանակը։ Բացօթյա խաղերն ու բնական լույսը հիանալի կանխարգելում են կարճատեսությունը։
Հիշե՛ք երեխայի առողջությունն ու առաջադիմությունը սերտ կապված է տեսողության պահպանման հետ: