keyboard_arrow_left
Նորություններ
ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությունները
հոկտեմբեր 11, 2026
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները.
Առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Սամվել Խարազյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի, ԵԽ առողջապահության և կախվածությունների բաժնի ղեկավար Քրիստիանե Շիմեկի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025–2027 թվականների ծրագրի առողջապահական բաղադրիչի իրականացմանը, մեթադոնային փոխարինող բուժման հասանելիության ընդլայնմանը և կախվածությունների համաճարակաբանական դիտարկման համակարգի ներդրմանը։
Լենա Նանուշյանն ընդգծել է կախվածությունների կանխարգելման, բուժման և վերականգնման ծառայությունների շարունակական զարգացման կարևորությունը հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում՝ շեշտադրելով բժշկական օգնության հասանելիության ընդլայնման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև հոգեկան առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ոլորտը կարգավորող նոր օրենսդրության մշակման աշխատանքներին, որի շրջանակում նախատեսվում է հոգեբուժական բուժումից բացի ընդլայնել հոգեբանական խորհրդատվության և հոգեկան առողջության աջակցության ծառայությունների շրջանակը։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը կախվածությունների կանխարգելման և բուժման ծառայությունների բարելավման, դրանց հասանելիության ընդլայնման և միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ։