ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Կայացել է ԱՀԿ ԱԱԲԹ-ների 7-րդ գլոբալ համաժողովը

նոյեմբեր 06, 2026
Հայաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արագ արձագանքման բժշկական թիմերի 7-րդ գլոբալ համաժողովին ներկայացրել է առողջապահական անվտանգության և արտակարգ իրավիճակների արձագանքման իր կարողությունները
Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ, Հայաստանի արագ արձագանքման բժշկական թիմի (ՀԱԱԲԹ) ղեկավար Արմեն Մելքոնյանը ԱՀԿ ԱԱԲԹ-ների 7-րդ գլոբալ համաժողովին հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման ազգային բժշկական թիմերի դերին ու կարևորությանը:
Ներկայացվել է Հայաստանի անցումը արտակարգ իրավիճակներում միջազգային բժշկական օգնություն ստացող երկրից ինքնաբավ համակարգի, որն ի վիճակի է որակյալ բժշկական աջակցություն ցուցաբերել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակում։
«Վերջին տարիներին անցնելով արտակարգ իրավիճակների և ցնցումների միջով՝ Հայաստանը պարբերաբար «փորձության է ենթարկել» իր առողջապահական ենթակառուցվածքները։ Մեր երկիրը կատարել է վճռական ու սկզբունքային ընտրություն՝ ինստիտուցիոնալացնելու և հզորացնելու բժշկական արագ արձագանքման ազգային կարողությունները: Արտակարգ իրավիճակների նկատմամբ դիմակայունությունը ենթադրում է վտանգներին, աղետներին ու ճգնաժամերին դիմագրավելու, հետևանքներից արագորեն վերականգնվելու կարողություն»,- զեկույցում նշել է Արմեն Մելքոնյանը:
Կարևորվել են փորձի փոխանակման այցերը, շարունակական մասնագիտական վերապատրաստումներն ու գործնական-դաշտային վարժանքները:
Գլոբալ համաժողովի շրջանակում նախաձեռնվել են երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպում-քննարկումներ մի շարք երկրների արագ արձագանքման բժշկական թիմերի հետ: