keyboard_arrow_left
Նորություններ
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին
նոյեմբեր 06, 2026
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության առաջնահերթություններն ու ընդլայնման հնարավորությունները, առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացման ընթացքն ու արձանագրված առաջընթացը, ինչպես նաև ԵՄ համագործակցությամբ վերջերս մեկնարկած «Թվինինգ» ծրագրի շրջանակում ցուցաբերվող աջակցությունը:
Կարևորվել են առողջապահական համակարգի մարդկային ռեսուրսների զարգացումը, բուժաշխատողների լիցենզավորման և շարունակական մասնագիտական կրթության գործընթացները, առաջնային բուժօգնության ենթակառուցվածքների արդիականացումն ու մասնագետների վերապատրաստումը։
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է բուժաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման և առաջնային բուժօգնության ամրապնդման կարևորությունը՝ նշելով.
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում առողջապահական համակարգի մարդկային ռեսուրսներում ներդրումներին։ Առաջիկա վեց ամսում նախատեսում ենք ավելի քան 17000 ավագ բուժաշխատողի ներգրավել լիցենզավորման քննությունների գործընթացում։ Զուգահեռաբար ներդրումներ ենք իրականացնում առաջնային բուժօգնության ենթակառուցվածքներում՝ կառուցելով նոր ամբուլատորիաներ և համալրելով դրանք ժամանակակից սարքավորումներով։»։
Անդրադարձ է եղել նաև բժշկական թափոնների կառավարման, պետական հիվանդանոցների կառավարման արդյունավետության բարձրացման, ֆինանսական վերահսկողության և հակակոռուպցիոն մեխանիզմների ամրապնդման, ինչպես նաև առողջապահական հաստատություններում էներգաարդյունավետության ծրագրերի իրականացման հնարավորություններին։