ՀՀ Գերբ
Հայաստանի Հանրապետություն Առողջապահության նախարարություն
Նորություններ

Ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը կբարելավվի Սպիտակի բժշկական կենտրոնում

նոյեմբեր 13, 2026
Ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը կբարելավվի Սպիտակի բժշկական կենտրոնում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սպիտակի բժշկական կենտրոնում է:
Ճապոնիայի կառավարության՝ «Grassroots Human Security Projects» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ բժշկական կենտրոնը կհամալրվի ակնաբուժական արդի սարքավորումներով (ֆակոէմուլսիֆիկացման համակարգով և եղջերաթաղանթի էնդոթելյար միկրոսկոպով):
Ծրագրով նախատեսվում է նաև տեսողական և տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիների համար ձեռք բերել տեղափոխող մեքենա։
Սարքավորումների շնորհիվ Սպիտակում հնարավոր կլինի իրականացնել կատարակտի, գլաուկոմայի և աչքի այլ հիվանդությունների վիրահատություններ:
Ծրագիրը կծառայի Սպիտակի և հարակից 19 բնակավայրերի շուրջ 15 հազար բնակիչներին:
Նախարարը կարևորել է բուժծառայությունների մարզային հասանելիության ապահովումը:
«Ուրախ եմ, որ Սպիտակի բժշկական կենտրոնը զարգացման արագընթաց ուղի է բռնել։ Այն առաջիններից է արձագանքում առողջապահության ոլորտում մեկնարկող նոր ծրագրերին՝ ձգտելով տեղում ներդնել նորարարական մեթոդներ և ծառայություններ՝ ի շահ մարզի բնակչության։ Հատկանշական է նաև, որ կենտրոնը հայ-ճապոնական արդյունավետ համագործակցության գեղեցիկ օրինակներից է, որի նշանակությունն ու արժեքը դժվար է բառերով գնահատել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոքի Յուտական, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շրջել են Սպիտակի բժշկական կենտրոնում: