Նորություններ

Արդյո՞ք ախտանիշների պատճառները ալերգիան է

հուլիսի 08, 2026

Մասնագետներն ալերգիան համարում են 21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»:

Որո՞նք են ալերգիայի դրսևորումները.

Ստուգե՛ք ինքներդ Ձեզ, եթե հետևյալ ախտանիշները կրկնվում են կամ առաջանում են որոշակի իրավիճակներում, հնարավոր է՝ դրանց պատճառը ալերգիան է.

  • հաճախակի փռշտոց, հատկապես առավոտյան,
  • քթարտադրություն կամ խցանում առանց մրսածության,
  • աչքերի քոր, կարմրություն կամ արցունքահոսություն,
  • երկարատև չոր հազ,
  • շնչահեղձության կամ սուլոցների նոպաներ,
  • կրկնվող մաշկային ցան կամ քոր,
  • շրթունքների, կոպերի կամ դեմքի այտուց։


Եթե այս նշանները պարբերաբար կրկնվում են, անհրաժեշտ է դիմել բժշկի։

 

5 միֆ, որը հերքվել է գիտությամբ ու փորձով.

Միֆ 1. Ալերգիան լոկ անհարմարություն է պատճառում։
Փաստ. Որոշ ալերգիկ հիվանդություններ, օրինակ՝ բրոնխիալ ասթման կամ ծանր ալերգիկ ռեակցիաները, կարող են կյանքին սպառնացող լինել։

Միֆ 2. Ալերգիան սկսում է միայն մանուկ հասակից։
Փաստ. Այն կարող է սկսվել կյանքի ցանկացած շրջանում։

Միֆ 3. Եթե ախտանիշներն անցան, բուժում այլևս պետք չէ։
Փաստ. Ալերգիկ հիվանդությունները հաճախ ունեն ալիքաձև ընթացք և պահանջում են ճիշտ հսկողություն։

Միֆ 4. Ալերգիայի բոլոր դեղերը քնկոտություն են առաջացնում։
Փաստ. Ժամանակակից հակահիստամինային դեղամիջոցների մեծ մասը չի առաջացնում արտահայտված քնկոտություն։

Միֆ 5. Ալերգիայի դեպքում պետք է պարզապես խուսափել ալերգենից։
Փաստ. Շատ դեպքերում միայն խուսափելը բավարար չէ։ Ճիշտ ախտորոշումն ու բուժումը կարող են կանխել հիվանդության առաջընթացը և զգալիորեն բարելավել կյանքի որակը։

Ե՞րբ է անհրաժեշտ անհապաղ դիմել շտապ բժշկական օգնության.

Եթե ալերգիկ ռեակցիայի ընթացքում առաջանում են դժվարացած շնչառություն, կոկորդի կամ լեզվի այտուց, խոսելու կամ կուլ տալու դժվարություն, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, անհրաժեշտ է անմիջապես զանգահարել շտապ բժշկական օգնություն։ Այս վիճակը կարող է լինել անաֆիլաքսիա և պահանջում է անհապաղ բուժում։

Հիշե՛ք.
Ժամանակակից բժշկությունն ունի արդյունավետ ախտորոշման և բուժման հնարավորություններ, որոնց շնորհիվ մարդկանց մեծ մասը կարող է ապրել լիարժեք և ակտիվ կյանքով։

Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ։ Եթե ախտանիշները կրկնվում են, դիմե՛ք բժշկի և ստացե՛ք մասնագիտական գնահատում։

Արմինե Հակոբյան
ԱՆ ալերգոլոգիայի գոծվ խորհրդատու